Ազատ մամուլի և արտահայտվելու իրավունքները պետք է մշտապես հարգվեն և պաշտպանվեն. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Վարչապետի խոսքով` կեղծ լուրերն իսկական մարտահրավեր են դարձել ժողովրդավարական երկրների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանը շարունակաբար իրականացնում է օրենսդրական բարեփոխումներ, որպեսզի լրատվամիջոցների և լրագրողների համար ապահովվի մասնագիտական պարտականություններն անվտանգ և ազատ իրականացնելու ավելի լավ միջավայր։ Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ` իր խոսքում ընդգծել է Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Նիդեռլանդներում անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված «Լրատվամիջոցների ազատությունը` որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը:
Նա հիշեցրել է, որ շատ լավ գիտի մամուլի ազատության կարևորությունը նաև որպես նախկին լրագրող և գլխավոր խմբագիր։
Վարչապետը արձանագրել է ՝ նախորդ տարի Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքը 12 կետով և 180 երկրների ցանկում զբաղեցնելով 51-րդ տեղը։
Նա մեջբերել է նաև Freedom House-ի «Ինտերնետի ազատություն 2022» ինդեքսը, որում Հայաստանը 70 երկրների շարքում որակվում է որպես ազատ։
«Գիտակցելով խոսքի և ազատ արտահայտման կարևորությունը՝ մեր կառավարությունն ապահովում է բոլոր մեխանիզմներն ազատ մամուլը զարգացնելու համար՝ որպես իրական ժողովրդավարության կարևոր մաս»,– ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ այսօր նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս մամուլի, խոսքի և արտահայտման ազատության համար։ Խոսքը կեղծ լուրերի մասին է, որոնք, ըստ նրա, իրական խնդիր են դառնում ժողովրդավարական երկրների համար։
«Բայց նույնիսկ այս մարտահրավերը չի կարող մեզ շեղել մեր նպատակից: Լրատվամիջոցների և խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է»,– շեշտել է նա։
Վարչապետը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը որևէ սահմանափակում չի դրել լրատվամիջոցների ազատության և համացանցի վրա նույնիսկ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ։
Բայդենի նախաձեռնած գագաթնաժողովի նիստում հռչակագիր է ընդունվել․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Ամփոփելով իր ելույթը` Փաշինյանն ընդգծել է, որ ազատ մամուլի և արտահայտվելու իրավունքները պետք է մշտապես հարգվեն և պաշտպանվեն։
Հիշեցնենք՝ առցանց ձևաչափով անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կոստա Ռիկան, Նիդեռլանդները, Կորեայի և Զամբիայի Հանրապետությունները: