Արտաշատ մայրաքաղաքը կդառնա պատմամշակութային արգելոց

Արտաշատ. Արխիվային լուսանկար
Արգելոցի ֆինանսավորումն իրականացվելու է տոմսային տնտեսության գործարկումից հետո այցելուներից ստացված միջոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կստեղծվի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը։ Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Կառավարության համոզմամբ` արգելոցի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին:
Արգելոցի ֆինանսավորումն իրականացվելու է տոմսային տնտեսության գործարկումից հետո այցելուներից ստացված միջոցներով։
Արտաշատ մայրաքաղաքը` առկա հուշարձաններով ու պատմական միջավայրով, այսօր հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում:
Կառավարությունը համոզված է, որ արգելոցի ստեղծումը կապահովի հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը:
Կառավարության 2009-22թթ–ին ընդունած որոշումներով ՀՀ–ում արդեն իսկ ստեղծվել են «Զորաց քարեր բնակատեղի», «Լոռի բերդ քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց» և «Բերդ», «Բջնի-ամրոց», «Սմբատաբերդ» «Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները։