Ադրբեջանն ուղիղ դիտարկում է Ստեփանակերտը և մի քանի գյուղ իրար կապող ճանապարհը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ասուլիսին. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետը նաև շեշտեց, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և չի ապաշրջափակում Լաչինի միջանցքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ադրբեջանը ոչ միայն շարունակում է Լաչինի միջանցքի շրջափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նրանց պաշտոնական հաղորդագրությունում ասվում է` 2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը, Շուշիի շրջանում հատել են շփման գիծը և զբաղեցրել 20-54 բարձունքը և ինժեներական աշխատանքներ սկսել։
ՌԴ ՊՆ–ն ադրբեջանական կողմին ներկայացրել է եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների նախնական դիրքեր վերադառնալու մասին պահանջ։
«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է չկատարել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև ավելի է սրում իրավիճակը` ԼՂ–ի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով։ 20-54 բարձունքից ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը»,– նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ պաշտոնական Բաքուն սա բացատրում է նրանով, թե Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռներ և անձնակազմ է տեղափոխվել։ ՀՀ վարչապետը վստահեցրեց` սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Ռազմական փոխադրումների մասին տեղեկությունը Փաշինյանն անվանեց պրոպագանդիստական սուտ, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է։
«Ադրբեջանը ԼՂ հայերին ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություն է տեսնում։ Լաչինի միջանցքն արդեն 100 օրից ավելի փակ է, գազամատակարարումն ու էներգամատակարարումը դադարեցված են, Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները և գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից։ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է»,– նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք` մարտի 25–ին Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել։
Այդ օրն Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, թե իբր ադրբեջանական կողմը վերջին օրերին Ղարաբաղից Հայաստան տանող գրունտային ճանապարհներին «ապօրինի» շինարարական աշխատանքների ակտիվացում է արձանագրել։
Բացի այդ ընդգծվում էր, որ դա արվել է իբր Հայաստանից զենք-զինամթերք տեղափոխելու միջոցով իրավիճակի սրումը կանխելու համար։
Ադրբեջանի ԶՈւ–ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում