Ադրբեջանի ԶՈւ–ն փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում

Այլընտրանքային է այս պահին համարվում Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Հաղորդագրությունում ասվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»):
Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։
Հայտնում են, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների ուղղությամբ
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։