ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության լրատվության բաժինը։
Նշվում է, որ դեռ 2022թ. օգոստոսին պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, որ 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամրջին: Այսինքն` ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:
ԱԱԾ–ից մանրամասնում են, որ 2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էին ՌԴ խաղաղապահ ուժերը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:
«Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հայկական կողմի հաշվարկներով` նման հինգ կետ կա։ Այդ կետերում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել: ԱԱԾ–ի հաղորդմամբ` հիմա նոր պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:
Շեշտվում է, որ հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:
«Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա»,– տեղեկացնում են ԱԱԾ–ից։
Շեշտվում է, որ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին։