Ստացել է բոլոր նպաստները և պարգևատրումները. ԿԳՄՍՆ–ն պատասխանել է Էրիկ Իսրայելյանին

Էրիկ Իսրայելյան
Բռնցքամարտիկն ավելի վաղ հայտնել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատասխանել է բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Էրիկ Իսրայելյանի մեղադրանքներին։
Վերջինս ավելի վաղ հայտնել էր, թե հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից` սպորտի զարգացման համար պատասխանատու պատկան մարմիններին մեղադրելով անտարբերության մեջ։ Իսրայելյանը նշել էր, որ 2022 թվականին դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, սակայն մինչ օրս որպես պարգևատրում ոչինչ չի ստացել։
ԿԳՄՍ նախարարությունը վստահեցրել է, որ բռնցքամարտիկը ստացել է սպորտային արդյունքների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարգևատրումները, ամենամսյա թոշակն ու նպաստը:
«2022 թվականի հունվարի 1-ից բռնցքամարտիկը (2021 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերելու համար) ստացել է անվանական թոշակ՝ ամսական 120 հազար դրամի չափով: 2022 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ «Փարիզ 2024» օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ստացել է ամսական 150 հազար դրամ նպաստ, իսկ դեկտեմբերից՝ արդեն որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, Իսրայելյանին հասանելիք ամսական նպաստի չափը կազմել է 200 հազար դրամ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերին բռնցքամարտիկը միանվագ 800 հազար դրամ տարեվերջյան պարգևատրում է ստացել որպես երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող, ևս 1,5 մլն դրամ միանվագ աջակցություն էլ ստացել որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող:
Այսպիսով` բռնցքամարտիկին միայն ԿԳՄՍՆ–ի կողմից հատկացված պետական վճարները 2022 թվականի հունվարից առ այսօր կազմել են 5 մլն 720 հազար դրամ:
Ըստ նախարարության` «Փարիզ 2024» օլիմպիական խաղերի նախապատրաստության համար մարզիկին հատկացվող նպաստը 2023 թվականի հունվարի 1-ից կազմում է ամսական 200 հազար դրամ, իսկ անվանական թոշակի չափը՝ ամսական 240 հազար դրամ։
Գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը և ԿԳՄՍՆ–ն մարզական արդյունքների համար բնակարանների հատկացման ծրագիր չեն իրականացնում:
Հիշեցնենք` Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը (60 կգ քաշային) նոյեմբերին Իսպանիայում երիտասարդների աշխարհի առաջնությունում իր տիտղոսներին ավելացրեց նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը` եզրափակիչում հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գուրդալավային: