Փոխվարչապետը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ
Զրուցակիցներն անդրադարձել են նաև վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը հյուրերին ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում իրականացվող ծրագրերը:
Նա բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել բոլոր ուղղություններով միության հետ հարաբերությունների զարգացումը։
Անդրեա Վիկտորինն անդրադարձել է ԵՄ աջակցությամբ նախատեսվող ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությանը, «Երևանի ավտոբուսներ» և Հայաստանի մարզերում տարվող դպրոցաշինական և դպրոցների վերազինման լայնամասշտաբ ծրագրերին: