ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին պնդում է, որ աղքատացված ուրանով արկերը ճառագայթման վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար։
«Ցածր հարստացված ուրանով սպառազինության հարցը ՄԱԳԱՏԷ-ն վաղուց է ուսումնասիրում։ Այդ սպառազինությունը ռադիոլոգիական վտանգ չի պարունակում»,- ասել է Գրոսին` մեկնաբանելով Ուկրաինային նման սպառազինություն մատակարարելու բրիտանական ծրագրերը։
Գրոսին այսօր մեկնել է Զապորոժիեի ԱԷԿ, որտեղ «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաայի հետ զննել է ատոմակայանի տարածքը:
Հիշեցնենք` Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ մտադիր է աղքատացված ուրանի միջուկով արկեր փոխանցել Ուկրաինային: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով այս նախաձեռնության մասին, հայտարարել է, որ Արևմուտքը որոշել է ՌԴ-ի դեմ կռվել մինչև վերջին ուկրաինացին ոչ թե խոսքով, այլ գործով: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ եթե նման բան տեղի ունենա, ապա դա վատ ավարտ կունենա Լոնդոնի համար:
Բնական ուրանը բաղկացած է հիմնականում ուրան-238 (մոտ 99,3%) և ուրան-235 (մոտ 0,7%) իզոտոպներից։ Աղքատացվածը այն ուրանն է, որը մնում է հարստացման արդյունքում դրանից ուրան-235-ը անջատելուց հետո: Այդուհանդերձ, աղքատացված ուրանում 0,2-0,3% ուրան-235 է մնում։ Ուրանը խտությամբ մոտ է վոլֆրամին։ Սա ավելի փոքր չափսի արկերին թույլ է տալիս զանգվածով հավասար լինել այլ մետաղներից պատրաստված արկերին` միաժամանակ նվազեցնելով աերոդինամիկ դիմադրությունը:
Աղքատացված ուրանն օգտագործվում է այսպես կոչված ենթակալիբրային զրահահար միջուկներում, որոնք բարձր կինետիկ էներգիա ունեն։
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովն ավելի վաղ հայտարարել էր, որ աղքատացված ուրանով զինամթերքի հարվածի արդյունքում առաջանում է ուրան-238-ի մանրակաթիլ աերոզոլի և դրա օքսիդների շարժուն տաք ամպ, որոնք հետագայում օրգանիզմի վրա ազդելու դեպքում կարող են լուրջ պաթոլոգիաներ առաջացնել:
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովն ավելի վաղ հայտարարել էր, որ աղքատացված ուրանով զինամթերքի հարվածի արդյունքում առաջանում է ուրան-238-ի մանրակաթիլ աերոզոլի և դրա օքսիդների շարժուն տաք ամպ, որոնք հետագայում օրգանիզմի վրա ազդելու դեպքում կարող են լուրջ պաթոլոգիաներ առաջացնել:
Վերին և ստորին շնչուղիներում, թոքերում և կերակրափողում նստվածք տված ուրանի փոքր մասնիկների ալֆա ճառագայթման հոսքերը քաղցկեղ են առաջացնում: Կուտակվելով երիկամներում, ոսկրային հյուսվածքում և լյարդում` ուրանի փոշին հանգեցնում է ներքին օրգանների փոփոխության։