Հնդկաստանը կարող է Իրանի նախագծի մաս դառնալ. Երևանը և Դելին համաձայնագիր են պատրաստում

Փոթին
«Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի գործարկումը Հայաստանի տարածքով կարևոր է ոչ միայն Երևանի, այլև Թեհրանի և Նյու Դելիի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանն ու Հնդկաստանը բանակցություններ են վարում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ: Երևանը հնարավոր է համարում նաև Նյու Դելիի միացումը «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին (ՄՏՄ)։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն առաջարկել է Հնդկաստանին ապրանքներն ավելի արագ Ռուսաստան և Եվրոպա հասցնելու համար առևտրային միջանցք տրամադրել, որը կանցնի Իրանով, Հայաստանով, Վրաստանով և Սև ծովով ։
«Ներկայումս Հնդկաստանի հետ ակտիվացել են բանակցությունները տրանսպորտի ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցության և միջազգային ավտոմոբիլային փոխադրումների երկկողմ համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ»,-նշվում է հարցման պատասխանում։
Գերատեսչությունից նաև հիշեցրել են, որ թեև Հնդկաստանը «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի ստեղծման համաձայնագրի անդամ երկիր չէ, սակայն ցանկության դեպքում Նյու Դելին կարող է միանալ դրան:

Ինչ կտա ՄՏՄ-ն Երևանին

Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը` համաձայն հանրապետության օրենսդրության: Երևանում վստահ են, որ ՄՏՄ-ի նախագծի իրագործումը կխթանի մուլտիմոդալ փոխադրումների զարգացումը և կբարձրացնի Հայաստանի տարանցիկ գործառույթը Եվրոպա-Ասիա երթուղով միջազգային բեռնափոխադրումներում:
«Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի համաձայնագրի ստորագրումը նոր որակ կարող է հաղորդել նաև Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանը» -նշել են հարցման պատասխանում։
Գերատեսչությունից հիշեցրել են, որ վերջին անգամ նախագծի մասնակից երկրների, մասնավորապես` Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Բուլղարիայի պատվիրակությունները հավաքվել էին նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի 6-րդ նիստին` 2022 թվականի ապրիլի 6-7-ը Սոֆիայում։ Նիստի արդյունքում ստորագրվել է վեցերորդ հանդիպման արձանագրությունը, որում ամրագրված է, որ «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի վերջնական տարբերակը պատրաստ է:
Իրանական կողմը պետք է դիվանագիտական խողովակներով համաձայնեցնի համաձայնագրի վերջնական տարբերակը ՄՏՄ-ի մասնակից այն երկրների հետ, որոնք ներկա չէին հանդիպմանը և, պատասխանը ստանալուց հետո, արդյունքների մասին տեղեկացնի մյուս պետություններին:
Միաժամանակ ՏԿԵՆ-ում շեշտել են երկրի պատմության ընթացքում խոշորագույն ենթակառուցվածքային նախագծի` «Հյուսիս - Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի կառուցման ավարտի հատուկ դերն ու նշանակությունն այս ամենում: Նախագիծը թույլ կտա երկրի հարավի և հյուսիսի միջև ընկած Մեղրի (Իրանի հետ սահմանից)-Երևան-Բավրա (մինչև Վրաստանի հետ սահման) ճանապարհի հեռավորությունը կրճատել 90 կմ-ով` հասցնելով այն 470 կմ-ի, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը ինչպես ՄՏՄ-ում, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումներում:

Երկու խոսք ՄՏՄ-ի մասին

«Պարսից ծոց-Սև ծով» Միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի գաղափարը 2016 թվականին առաջին անգամ հնչեցրել Է Իրանը: Նախագծին պաշտոնապես մասնակցում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը և Հունաստանը։ Նախագիծը ծախսատար է, հավակնոտ և իրականացման տեսանկյունից բավականին բարդ։
Պաշտոնապես նախագիծը պետք է Թեհրանը կապի Եվրոպային (դա չի նշանակում, որ Իրանը դեպի ԵՄ երկրներ ուրիշ ելք չունի- խմբ.) Երևանով և Թբիլիսիով` այդպիսով մեծացնելով մասնակից երկրների տարանցիկ հնարավորությունները։ Ներկայումս քննարկվում է նախագծին նաև Դելիի միանալու հարցը։
Միջանցքը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար. թույլ կտա դիվերսիֆիկացնել մատակարարումները, ազատ օգտվել Իրանի նավահանգիստներից և կարևոր տարանցիկ հանգույց դառնալ։
Թեհրանից ազդանշանի են սպասում. Երևանը կստորագրի իրանական «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը