ՀՀ–ում միջազգային փրկարարական վարժանք կանցկացվի աղետալի երկրաշարժի սցենարով

ՀՀ–ում միջազգային փրկարարական վարժանքի նախապատրաստում ԱԻՆ–ում
Վարժանքի նպատակն է աղետյալ երկրում աշխատող տարբեր երկրների փրկարարական թիմերի համագործակցության մեխանիզմների մշակումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի փրկարարական դաշտային վարժանք, որին կմասնակցեն «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմեր Հայաստանից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Հունաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, Վրաստանից: Տեղեկությունը հայտնում է 911tert.am–ը։
«Մարտի 29-31-ը Երևանում անցկացվում է վարժանքի պլանավորման հիմնական համաժողովը, որին մասնակցում են փորձագետներ Հայաստանից, Հունաստանից, Կիպրոսից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից: Մայիսին կանցկացվի նույն թեմայով հրամանատարաշտաբային վարժանք, իսկ հուլիսին՝ դաշտային վարժանքի պլանավորման վերջին համաժողովը »,–նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ սցենարի` Հայաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, ինչին հաջորդել են բարդ արտակարգ իրավիճակներ:
Հայաստանը օգնության խնդրանքով դիմում է միջազգային կազմակերպություններին: Տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների փրկարարական թիմեր ժամանում են Հայաստան՝ աջակցելու աղետի գոտում հայտնված բնակչությանը:
Վարժանքի նպատակն է աղետյալ երկրում աշխատող տարբեր երկրների փրկարարական թիմերի գործողությունների համակցման և համագործակցության մեխանիզմների ամրապնդումը: