ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. 8 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների (ոչ միայն Ռուսաստանի, այլև Ղազախստանի ու Բելառուսի) հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է 10 անգամ, ինչը ցույց է տալիս ինտեգրացիոն այդ միավորման կայացած լինելը։ Այդ թեման առանցքային է դարձել ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղում ԵԱՏՄ երկրների նշանավոր փորձագետների և տնտեսագետների հանդիպման ընթացքում։
Քննարկումներն անցկացվել են որակավորված ապագա մասնագետների՝ բուհերի ուսանողների մասնակցությամբ` ԵԱՏՄ–ի ներուժը և Հայաստանին սպասվող օգտակար հեռանկարներն ավելի խորը ըմբռնելու համար։
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը համոզված է, որ աշխարհի 50 զարգացած և զարգացող երկրներում նույնիսկ արդյունաբերական արտադրության ռեցեսիայի և տոտալ անկման պայմաններում Հայաստանը կարող է ապահովել ՀՆԱ–ի ու իր գործարար ակտիվության գործակցի աճը։
«Հայաստանն աշխարհաքաղաքական նկրտումների պայքարի դաշտ դառնալու վտանգի տակ է, ինչը կարող է շատ վատ անդրադառնալ մեր ժողովրդի ճակատագրի, տնտեսական զարգացման այն նուրբ սաղմների վրա, որոնք վերջին 2.5 տարիների ընթացքում սկսել ենք արձանագրել մեր երկրում», – ընդգծել է նա։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի և Իրանի դեմ ազդում են ինչպես Հայաստանի տնտեսության, այնպես էլ եվրասիական տնտեսական ինտեգրման վրա։ Բացի այդ, Հայաստանը հակամարտում է Ադրբեջանի հետ, ինչն էականորեն խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։ Միևնույն ժամանակ վիճակագրական վերջին տվյալները Մանասերյանին լավատեսություն են ներշնչում։ Ըստ նրա` տեղի տնտեսության վրա լուրջ ազդեցություն են ունեցել ռելոկանտները։ Նրանց ներուժի բացահայտումն այժմ կախված է ՀՀ կառավարության որոշումներից։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդն ի սկզբանե աջակցել է Հայաստանի ինտեգրմանը ԵԱՏՄ–ին, և տարիներ անց դրանից բխող տնտեսական դիվիդենտներն ու շահերն ակնհայտ են դարձել։
«Ոչ պակաս կարևոր է նաև սոցիալական կողմը։ Ռուսաստանում հայկական մեծ սփյուռք է ապրում` 2.5 մլն հայ։ Այսինքն՝ մեր երկրները մշակութային, քաղաքական և տնտեսական կապերից բացի, նաև մարդկանց միջև կապեր ունեն, այն էլ՝ բավական ամուր», – ասել է նա։
ԵԱՏՄ շրջանակում նախատեսվում է անցում կատարել թվային արժույթի։ Այս մասին մանրամասն պատմել է ՌԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գոլովնինը։ Փորձագետը նշել է, որ նման որոշումը կարող է էական տնտեսական ցատկ ապահովել։
«Դա կհանգեցնի փոխադարձ հաշվարկների զարգացմանը հենց բազմակողմ թվային արժույթով։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրներում թվային հարթակներ մտցվեն։ Կարևոր է, որ մենք իսկզբանե դնենք այդ խնդիրը բոլորի առաջ», – ասել է Գոլովնինը։
Նրա խոսքով` ԵԱՏՄ–ում միասնական արժույթի անցումը, համենայնդեպս ո՛չ կարճաժամկետ, ո՛չ էլ միջնաժամկետ հեռանկարում դեռ չկա։ Միևնույն ժամանակ ազգային արժույթներով հաշվարկներն արդեն ընթանում են ողջ թափով։ Դրանց ցուցանիշը 80%–անոց մակարդակի է հասել։
«Եվրասիական տնտեսական միությունը մեծ հնարավորություններ է ստեղծում փոխադարձ առևտրի զարգացման, սպառման շուկաների ընդլայնման, ներդրումային փոխգործակցության խորացման, համատեղ համագործակցային նախագծերի իրականացման համար», – նշել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի տնօրեն Երնար Բակենովը։
Նա ընդգծել է, որ տեխնիկական կանոնակարգման ոլորտում ընդհանուր պահանջները, ԵԱՏՄ շրջանակում աշխատողների համար բարենպաստ պայմանները հնարավորություններ են ստեղծում Հայաստանի բիզնեսի զարգացման, գործարար ակտիվության բարձրացման, ներդրումների ներգրավման և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։
ԵՏՀ դեպարտամենտի տնօրենի խոսքով` Հանձնաժողովը բաց է ԵԱՏՄ անդամ պետությունների գործարար համայնքների հետ երկխոսություն վարելու համար. բիզնեսի հետ արդյունավետ լուծումների համատեղ փնտրտուքը ԵԱՏՄ–ի հաջող զարգացման բանալին է։