Գարեգին Բ–ն մտահոգված է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ ստեղծված իրավիճակով

Գարեգին Երկրորդը և նախարարը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրներն ու ծրագրերը, ինչպես նաև պատմական սրբավայրերի, սփյուռքում և Արցախում ազգային-հոգևոր ժառանգության պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին և մտահոգություններ հայտնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Կաթողիկոսը բարձրաձայնել է եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ։ Նա հաստատել է, որ պետություն-եկեղեցի երկարատև աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է մատաղ սերնդին ապահովել հայեցի դաստիարակություն, ձևավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմք կազմել մեր ժողովրդի առաջընթաց, ապահով ու բարօր կյանքի։ Գարեգին 2-րդի խոսքով` եկեղեցին ակնկալում է, որ վերսկսվեն ձևավորված կրթության համատեղ հանձնախմբի աշխատանքները և առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ»,– ասված է հաղորդագրությունում։

Այս առնչությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությունը՝ ընդգծելով ազգային դպրոցի ձևավորման և կայացման գործում հայոց եկեղեցու մեծ ավանդը։
Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել տարբեր ոլորտներում Մայր Աթոռի հետ համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու առումով։ Նա անդրադարձ է կատարել պատմական վանքերի և եկեղեցիների պահպանման ու վերականգնման հարցերին, Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, միջազգային հարթակներում իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներին և տարվող քարոզչական աշխատանքներին։
Կողմերը քննարկել են պատմական սրբավայրերի պահպանման ու վերականգնման խնդրին, դրա շուրջ փոխհամաձայնեցված գործողություններին, Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է գործակցությունը նախարարության և Մայր Աթոռի Արցախի հոգևոր ժառանգության պահպանության գրասենյակի միջև, ինչպես նաև պատմական հուշարձանների պահպանության հարցերով համատեղ հանձնախմբի շրջանակներում։
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Վեհարանի թանգարան, նաև ծանոթացել Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին։