Առողջությանը սպառնացող խնդիր չի հայտնաբերվել. ՀՀ ՍԱՏՄ-ն պատասխանել է Ռոսսելխոզնադզորին

Կաթնամթերք
ՍԱՏՄ–ն հայտնում է, որ մտահոգությունն Իրանից հումքի ներմուծման, ՀՀ–ում օգտագործման և ՌԴ արտահանման շղթային է վերաբերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` անդրադառնալով Ռոսսելխոզնադզորի հայտարարությանը։
Ռոսսելխոզնադզորն այսօր հայտնել էր, որ ուսումնասիրելու է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների կիրառման հարցը հայկական կողմի սահմանափակող միջոցների վատ վերահսկողության և խախտումների պատճառով։
«Սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Նշված մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանից հումքի ներմուծման, ՀՀ–ում կաթնամթերքի արտադրության մեջ դրա օգտագործման և Ռուսաստան արտահանման շղթային»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հայաստանից կաթնամթերքի ռուսական շուկա մատակարարումների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են։
ՍԱՏՄ–ն հիշեցնում է, որ առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։