Ամասիայի գործարանի կարագը և պանիրը չեն համապատասխանել նորմերին. արտադրությունը կասեցվել է

Պանիր
«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական առանձին գործառույթները կասեցվել են` մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կասեցվել են «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթները, տեղեկանում ենք տեսչական մարմնից։
Նշվում է, որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Շիրակի մարզ, գ. Ամասիա), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
«Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Կարագ սերուցքային» և «Պանիր Լոռի» արտադրատեսակները «ԱՑԽՄ» ցուցանիշով և կաթնային յուղի ճարպաթթվային կազմով չեն համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ընկերության արտադրական առանձին գործառույթները կասեցվել են` մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակները իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: