ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր նշանակման վերաբերյալ որոշում է ստորագրել։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով` Վիկտորյա Այդինյանին նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»,– ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Այդինյանը 2018-2020 թթ. եղել է Տիգրան Ավինյանի խորհրդականը, երբ վերջինս փոխվարչապետի պաշտոնն էր զբաղեցնում։
Ծնվել է 1995 թվականի հունվարի 29-ին, սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում, ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան։
Հայաստանի ամերիկյան համալսարանում էլ Այդինյանը մասնակցել է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրին։ Նա քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոս է՝ հանրային կառավարման և զարգացման գիտությունների մասնագիտացմամբ։