Շվեդիա–Ադրբեջան խաղի ժամանակ երկրպագուները Արցախին աջակցող պաստառ են բարձրացրել. լուսանկար

Ֆուտբոլ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը լուսանկար է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Եվրո–2024-ի ընտրական փուլի Շվեդիա–Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ ադրբեջանական մարզադաշտում հայտնվել են Արցախի և Հայաստանի դրոշներ։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որը բնակվում է Շվեդիայում, այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում և լուսանկար հրապարակել։
Խաղի ընթացքում երկրպագուների տրիբունայում նաև պաստառ է հայտնվել, որի վրա գրված է եղել. «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը»։
«Շվեդիան հայամետ է, որովհետև մարդը, մարդկային կյանքը, մարդու ազատությունները բացարձակ արժեք են այստեղ: Տրիբունայում Արցախի և Հայաստանի դրոշները հիշեցնում էին, որ 120.000 հայ բլոկադայի մեջ է»,– գրել է Պաչաջյանը։
Նշենք, որ Շվեդիա–Ադրբեջան խաղն ավարտվել է 5։0 հաշվով։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։