ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Գրոսմայստեր Աննա Սարգսյանը Չեռնոգորիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 9 տուրից հետո կիսում է 5-10-րդ տեղերը:
9-րդ տուրում Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել վրացի Բելլա Խոտենաշվիլիի հետ և 6,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը՝ չորս առաջատարներից հետ մնալով կես միավորով:
Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Ալինա Բիվոլի հետ 6 միավորով կիսում է 11-21-րդ տեղերը:
9-րդ տուրում հայ շախմատիստուհիներից հաղթել է միայն Սուսաննա Գաբոյանը, որը վաստակել է 5 միավոր: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը պարտվել են (երկուսն էլ 5,5 միավոր ունեն), իսկ Պոլինա Կոբակը ոչ-ոքի է խաղացել (4 միավոր):
Հիշեցնենք, որ կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը սկսվել է մարտի 18-ին և կավարտվի մարտի 30-ին: Մրցաշարին մասնակցում են 35 երկրի 140 շախմատիստներ:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Պոլինա Կոբակը: