Վայոց Ձորի մարզի գյուղերի բնակիչները հարևան համայնքներում ապրողներին տարբեր «մականուններ» են տալիս` ըստ նրանց «թերությունների», օրինակ` մի գյուղի բնակիչներին ասում են «ճանճ ծեծողներ», մյուսին` «մեռել տփողներ», որոշներին էլ` «ոսկոր կրծողներ»։
Իսկ Բարձրունի գյուղի բնակիչներն իրենց հարևանների շրջանում հայտնի են որպես «չանաները թույլ», այսինքն՝ որպես շատախոսներ։
Բարձրունեցիներին նաև «աղվեսի ազգ» են անվանում: Ինչո՞ւ։ 1828 թվականին Արևմտյան Հայաստանի պատմական Խոյ և Սալմաստ Նահանգներից (այժմ ՝ Իրանի Սելմաս քաղաք) հայ գաղթականները գնացել են Նախիջևան, իսկ մեկ տարի անց տեղափոխվել են ներկայիս Հայաստանի տարածք, բնակություն հաստատել Բարձրունիում, Եղեգնաձորում և Զառիթափում։ Երբ գաղթականները հասել են Բարձրունի, անձրևից հետո մի բուռ հող են վերցրել, հոտ քաշել և ասել, որ Սալմաստի հողի հոտն ունի։ Տեսնելով դա` ուղեկցողներից մեկն ասել է. «Սրանք աղվես են»։ Բարձրունեցիների առօրյային տեղում ծանոթացել է Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Գևորգյանը։
Նախկինում գյուղը նաև «Սուլթան բեկ» է կոչվել, որովհետև այնտեղ խան է ապրել։ Այն սահմանակից է Ադրբեջանին՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Այժմ գյուղն ունի 350 բնակիչ ՝ 67 տնտեսություն և 168 օջախ։ Վերջին 5 տարում 10 ընտանիք լքել է գյուղը. հիմնականում երիտասարդներն են մեկնում արտագնա աշխատանքի: Բարձրունեցիների մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ ՝ անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և այգեգործությամբ, խորհրդային տարիներին նաև ծխախոտագործությամբ են զբաղվել։ Նրանք առանձնակի հպարտությամբ են նշում, որ հայ մեծ գրող Րաֆֆու ազգակիցն են։
Գյուղի բնակիչ Վլադ Հակոբյանի որդիներից երկուսն այժմ ապրում են Ռուսաստանում։ Գնացել են, աշխատում են, բնակարան են ձեռք բերել։
«Եթե օգնություն խնդրենք, կօգնեն, բայց ես ու կինս չենք դիմում։ Թոշակառու ենք, 60 հազարական դրամ ենք ստանում, անասուններին պահում ենք, մեզ հերիքում է։ Մյուս տղաս ու թոռս հիմա պայմանագրային հիմունքներով աշխատում են բանակում։ Որդիս ուտելիք է հասցնում դիրքեր։ Մենք ապրում ենք, սոված չենք»,–ասում է նա:
Այս պահին նրանց խաղաղությունն է պակասում, սակայն բարձրունեցու կարծիքով` չի կարելի վստահել ադրբեջանցուն և նրա հետ խաղաղության պայմանագիր կնքել։
«Անընդհատ կրակում են, վերջերս երեք ոստիկանի սպանեցին, Գուրգեն Մարգարյանի գլուխն էին կացնով կտրել... Ի՞նչ ասես, վստահել չի կարելի նրանց։ Հայաստանի երրորդ նախագահն ասել է, որ չի կարելի հեռանալ Ռուսաստանից, ինչ էլ լինի, մեր պաշտպանը Ռուսաստանն է։ Եթե Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է կանգնած, իսկ մեր թիկունքում ո՞վ է։ Այո՛, Ֆրանսիան, Ամերիկան խոսում են, բայց միայն խոսում են: Մենք պիտի Ռուսաստանի ձեռքը բաց չթողնենք։ Մեզ խաղաղություն է պետք: Խաղաղություն կլինի՝ կապրենք», - ասում է Վլադ Հակոբյանը։
Արսեն Ալեքսանյանը, որն ընդամենը մեկ տարի է ղեկավարում գյուղը և համատեղության կարգով ֆիզկուլտուրա է դասավանդում հարևան Սերս գյուղի դպրոցում, նշում է, որ սահմանամերձ գյուղերին հիմա ավելի մեծ ուշադրություն է դարձվում. նրանց համար շատ ծրագրեր ու արտոնություններ կան: Գյուղացիներն ազատված են որոշ հարկերի վճարումից, ինչպես նաև անտոկոս վարկեր են տրամադրվում։
Իսկ գյուղի խնդիրները սովորական են` ասֆալտապատ ճանապարհներ են պետք, ոռոգման ջուր, այդ հարցերը շուտով սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կլուծվեն։
Գյուղոլորտում իրավիճակն ավելի վատ է. պարարտանյութերը թանկ են՝ մեկ պարկ սելիտրան 12,500 դրամ է։ Լավ էր, որ պետությունը սուբսիդավորում էր կեսը, և գյուղացիներն ինչ-որ կերպ գլուխ էին հանում, հողերն էլ շատ բերրի չեն։ Գյուղապետի խոսքով` ցանկալի կլիներ, որ է՛լ ավելի շատ ուշադրություն դարձնեին սահմանամերձ բնակավայրերին, որպեսզի մարդիկ կարողանան վարուցանքով գոնե ապրել։
Գյուղի կյանքի մասին խոսելիս Արսեն Ալեքսանյանը շեշտում է. «Մարդիկ այստեղ հյուրասեր են և աշխատող, կա լավ դպրոց, լավ ուսուցիչներ ունենք. շրջանավարտները դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ընդունվում են բուհեր՝ առանց կրկնուսույցների: Երեխաները քիչ են (այժմ դպրոցում կա ընդամենը 29 աշակերտ), յուրաքանչյուր դասարանում կա 1-2 աշակերտ, և ուսուցիչների ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է նրանց վրա: Ուզեն– չուզեն դասերը սովորած պիտի գնան դպրոց։ Մայրաքաղաքի դպրոցների նման չէ, որ 30 աշակերտ լինի. շանս չկա, որ գրատախտակի մոտ չկանչեն»,– ասում է նա։
Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին (Նախիջևանի հետ սահմանն ընդամենը 3 կմ է), ապա գյուղապետի խոսքով՝ առայժմ ամեն ինչ հանգիստ է, բայց ժողովուրդը պատրաստ է տեր կանգնել իր սահմաններին և, ինչպես գյուղապետն է նշում, հույսը դնում է միայն իր վրա։