ԱՄՆ Պետդեպին մտահոգում է ԼՂ-ում ադրբեջանական զինուժի առաջխաղացումը

ԱՄՆ Պետդեպարտամենտ
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը խոսել է Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Վաշինգտոնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը մեկնաբանել է վերջին միջադեպը։ Ճեպազրույցի ժամանակ պաշտոնյան հայտարարել է, որ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ և մտահոգություն հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի վերաբերյալ։
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման և խաղաղության հասնելու բանալին կողմերի միջև ուղիղ երկխոսությունն է։
«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ գործընկերների հետ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում»,- հավելել է Պատելը։
Հիշեցնենք` Արցախի տեղեկատվական շտաբը մարտի 25-ին հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Ավելի ուշ հրապարակվեց ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագիրը, որում ասվում էր` Ադրբեջանի ԶՈւ 25-րդ ստորաբաժանումը հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունքներից մեկն ու սկսել է դիրքի ինժեներական կահավորումը։ Նշվում էր նաև, որ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու և կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար։