2019–ից ի վեր ՀՀ–ում աշխատատեղերին առնչվող ցուցանիշները ուռճացված են. Մանասերյան

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում աշխատատեղերի կրճատման խնդրին։
Sputnik
ՀՀ–ում աշխատատեղերին առնչվող ցուցանիշները, որոնք ներկայացվել են 2019-21 թվականներին, առանց չափազանցության եղել են ուռճացված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` շեշտելով, որ աշխատատեղերի կտրուկ կրճատման և աշխատաշուկայում առկա միջավայրի վատթարացման պատասխանատուն ՀՀ կառավարությունն է։
Վիճակագրական կոմիտեի ներկայացրած ցուցանիշների համաձայն՝ այս տարվա հունվարին Հայաստանում ավելի քան 20 հազար աշխատատեղ է փակվել։ Անցած տարվա դեկտեմբերին եղել է 708 հազար 906 աշխատատեղ։ Այս տարվա հունվարին մնացել է 688 հազար 825-ը։
«Հատկապես համավարակի տարիներին աշխատատեղերի բազմահազար կրճատումներից հետո, երբ ներկայացվում էին, այսպես ասած, ռեկորդային աճի ցուցանիշներ, տնտեսագետներից շատերի մոտ առաջանում էր բնական տարակուսանք, քան ոգևորություն։ 2018 թվականին գործազրկության բացարձակ թվաքանակը տատանվում էր 200-220 հազարի միջև։ Հայաստանում արդեն վաղուց ճշգրիտ ցուցանիշներ չեն հրապարակվում նաև այն պատճառով, որ նպաստներ չեն տրվում, կա նաև ստվերային գործազրկություն և ստվերային զբաղվածություն»,– նշեց Մանասերյանը։
Նրա դիտարկմամբ` եթե կառավարությունն ամեն տարի հայտարարում է, որ 50 հազար, 100 հազար աշխատատեղեր են ստեղծվում, ապա դա նշանակում է, որ մենք ըստ էության պետք է ունենային աշխատատեղերի ավելցուկ և արդեն աշխատողներ հրավիրեինք արտասահմանից, բայց իրականում այդպես չէ։ Ըստ տնտեսագետի` ազգային ցուցանիշները պետք է լինեն համակցված և համադրելի, մինչդեռ մեզանում դրանց միջև առկա է բացարձակ խզում։
«Ռելոկանտները, ովքեր եկան Հայաստան, անցան աշխատանքի կամ հիմնեցին սեփական բիզնեսներ, այսօր նույնպես առերեսվել են կրճատումների խնդրի հետ։ Ակնհայտ է, որ տնտեսությունն առկա պայմաններում չի կարող զարգանալ նույն տեմպերով»,– ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` նախորդ տարվա 14 տոկոս տնտեսական աճը որքան էլ հուսադրող էր, այդուհանդերձ տնտեսության շուրջ կեսը կազմող գյուղատնտեսության ոլորտում հիմա բոլորովին այլ վիճակ է, այստեղ նույնպես գրանցվել է էական հետընթաց` աշխատատեղերի կրճատումներով, իսկ աճի ցուցանիշը զրոյից քիչ բարձր է։
Թուրքիայի սահմանի բացումը ՀՀ–ի տնտեսության համար վտանգ չէ, այլ հնարավորություն. Քերոբյան
«Եթե մեզ ներկայացվող տեղեկատվության համաձայն` տարվա առաջին ամսվա կտրվածքով ունենք տնտեսական աճի ցուցանիշներ և աշխատատեղերի զգալի կրճատում, ապա տվյալ խզման համար կառավարությունը պետք է տա հստակ բացատրություն։ Ըստ հարապարակված տվյալների` նախորդ տարում գրանցվեց երկնիշ տնտեսական աճ, բայց միևնույն ժամանակ ունեցանք Համաշխարհային բանկի կողմից կանխատեսված առնվազն 42 տոկոս աղքատության մակարդակ, իսկ Գյումրիում այդ ցուցանիշը հատեց 60 տոկոսի սահմանը։ Այս ամենը պահանջում է հիմնավոր մեկնաբանություն»,– նշեց Մանասերյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022թ–ի նոյեմբերին հայտարարել էր, որ ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել, և երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 000–ը։