ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. 2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարն առաջին անգամ անցկացվել է համակցված մեթոդով: Այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն այսօր այցելել է վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
«Վարչապետին զեկուցվել է 2022թ. վիճակագրական ծրագրի կատարման մասին, որն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 472 միջոցառումը կատարվել է սահմանված ժամկետում: Տարածվել է 23 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ միջազգային վիճակագրական համագործակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել Եվրոպական միության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ:
Բացի այդ, արդիականացվել է 139 վիճակագրական արտադրանքի որակի հռչակագիր, ԵՄ Միասնական ինտեգրված մեթատվյալների կառուցվածքը: Առաջիկայում նախատեսվում է նաև վիճակագրական կոմիտեի կայքէջի արդիականացում:
Փաշինյանը կարևորել է ոլորտի բարեփոխումները՝ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային վիճակագրական համակարգի զարգացման տեսանկյունից: Նա նշել է, որ անհրաժեշտ է ապահովել միջգերատեսչական տվյալների շտեմարանների շարունակական փոխգործելիություն՝ հիմք ունենալով հասանելիության իրավական կարգավորումները: Կառավարության ղեկավարը նաև կարևորել է ոլորտում թվային գործիքակազմի լայն կիրառումը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: