Արցախի ճակատագրի և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հետ հարցով Նիկոլ Փաշինյանը չպետք է մտներ առանձին բովանդակային քննարկումների մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս։ Բայց նա սկսեց աշխատել տարբեր բևեռների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետը հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Տեսնում ենք, որ գերտերությունների կողմից շատ ինտենսիվ «էստի համեցեք» գործընթաց է իրականացվում, այսինքն` նրանք Փաշինյանին փորձում են բերել իրենց ազդեցության դաշտ։ Մենք հայտնվել ենք Նիկոլ Փաշինյանի արկածախնդրային ռուլետկայի պտույտում, իսկ խաղադրույքը հայ ժողովրդի և հատկապես արցախահայության ճակատագիրն է»,– ասաց Աշոտյանը։
Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` պետքարտուղար էնթոնի Բլինկենն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների խթանմանը և շատ է գնահատում առաջընթացի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումը։ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կլինի, և այն հիմնված կլինի ամենաբարձր մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։
Աշոտյանը կարծում է, որ բոլորն այլևս գիտեն, որ Հայաստանի վարչապետը պատրաստ է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, Արցախի սուբյեկտայնությունից և նույնիսկ հակված չէ այդ հարցը թողնել ապագային։ Անգամ Ռուսաստանի առաջարկը ենթադրում էր Արցախի կարգավիճակի խնդրի հետաձգում, բայց հայկական կողմի դավաճանական հայտարարություններով Ռուսաստանը միայնակ թողնվեց Ադրբեջանի դեմ հանդիման։
«Արևմտյան կողմը, ի տարբերություն Ռուսաստանի, ունի տակտիկական հնարք կիրառելու հնարավորություն, քանի որ հանդես է գալիս երկու դեմքով` Բրյուսելի և Վաշինգտոնի։ Բրյուսելյան ձևաչափի առթիվ Փաշինյանի համառությունը, որ գործընթացում անպայման ներգրավվի Ֆրանսիան, ինչին դեմ էր Ադրբեջանը, բերել է նրան, որ արևմտյան ձևաչափի մի բաղադրիչի ոչ օպերացիոն վիճակը չի խանգարում մյուս բաղադրիչին` վաշինգտոնյան հարթակին, առաջ տանել այն գործարքը, որի արդյունքում Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում պետք է կտրուկ նվազի»,– նշեց Աշոտյանը։
Նրա դիտարկմամբ` բրյուսելյան ձևաչափի մեջ առկա ամենավատ սկզբունքն այն է, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անվան տակ Արցախը մտցվում է Ադրբեջանի մեջ։ Այդպիսին է նաև ամերիկյան կողմի դիրքորոշումը, առավել ևս, որ Նիկոլ Փաշիյանն ուրիշ մոտեցում չի ներկայացրել և չի պաշտպանել` չնայած վերջինս իր նախընտրական, իսկ հետո նաև կառավարության ծրագրերում նշում էր արցախահայության ինքորոշման իրավունքի մասին։
ՀՀԿ փոխնախագահի համոզմամբ` հիմա Փաշինյանն ակնհայտորեն իրականացնում է մի գործարք, որի պարագայում այդ իրավունքի վրա ուղղակի խաչ է քաշվում։ Փաշինյանն Ալիևի հետ խաղում է նույն խաղը, այն է` նպաստել Ռուսաստանի դուրսմղմանը Հարավային Կովկասից, և դա անում են դերերը բաժանելով։ Գործող իշխանությունը հաշվի չի առնում, որ Հայաստանի և Ռուսաստանի շահերն անվտանգային առումով համընկնում են, ՀՀ-ն անվտանգային համակարգի այլընտրանք չունի։ Եթե Թուրքիայի հետագա ընդլայնումը Հարավային Կովկասում, Փաշինյանի կարծիքով, նպաստելու է մեր անվտանգության ամրապնդմանը, ապա դա, Աշոտյանի պնդմամբ, դավաճանական մոտեցում է։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։