ՄԱԿի Անվտանգության խորհուրդը չի ընդունել ՌԴ-ի բանաձևը «Հյուսիսային հոսքերում» դիվերսիայի հետաքննության հանձնաժողով ստեղծելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Բանաձևին կողմ են քվեարկել ՌԴ–ն, Չինաստանն ու Բրազիլիան։ Մյուս երկրները ձեռնպահ են մնացել։ Որպեսզի փաստաթուղթն ընդունվի, այն պետք է հավաքեր 15 հնարավոր ձայներից 9-ը, ընդ որում ԱԽ մշտական անդամներից (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) որևէ մեկը չպետք է դեմ լիներ։
Եթե բանաձևն ընդունվեր, ԱԽ–ն կխնդրեր «ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին հետաքննության անկախ միջազգային հանձնաժողով ստեղծել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում տեղի ունեցած դիվերսիայի բոլոր կողմերի համապարփակ, թափանցիկ և անաչառ միջազգային հետաքննություն իրականացնելու, այդ թվում կատարողների, հովանավորների, կազմակերպիչների և հանցակիցների նույնականացման համար»։
Ներկա պահին հայտնի է, որ Շվեդիան, Դանիան և Գերմանիան տեղի ունեցածի սեփական հետաքննությունն են իրականացնում։
2022 թ. սեպտեմբերին պայթյուններ տեղի ունեցան դեպի Եվրոպա գազ արտահանող երկու գազատարներում՝ «Հյուսիսային հոսքում» և «Հյուսիսային հոսք 2»–ում։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության մասին գործ է նախաձեռնել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին հայտնեց, որ «Գազպրոմին» թույլատրել են ուսումնասիրել պայթեցման վայրը, և ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը նրան զեկուցել է հետազոտության մասին: Պուտինը հայտարարեց, որ գազատարի վրա տեղի ունեցած պայթյունն ակնհայտ ահաբեկչություն է։
Ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը այս տարվա փետրվարի 8-ին հրապարակեց «Հյուսիսային հոսքերում» պայթյունների վերաբերյալ իր հետաքննությունը, որում, հղում անելով իր աղբյուրին, գրում էր, որ ռուսական գազատարների տակ պայթուցիկ սարքերը 2022 թվականի հունիսին «Baltops» զորավարժությունների քողի տակ դրել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ջրասուզակները՝ նորվեգացի մասնագետների աջակցությամբ։
Հերշի տեղեկություններով ՝ գործողության անցկացման մասին որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ազգային անվտանգության հարցերով զբաղվող վարչակազմի ներկայացուցիչների հետ ինն ամիս տևած քննարկումների արդյունքում: