ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկրում բողոքի ցույցերի ֆոնին կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների ընդունումը, հայտնել Է Jerusalem Post թերթը:
«Հանուն Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն պատասխանատվության ես ձեզ կոչ եմ անում անհապաղ դադարեցնել օրենսդրական գործընթացը»,-նշել է նախագահը:
ԶԼՄ-ների տվյալներով` մարտի 26-ին հազարավոր իսրայելցիներ ճեղքել են ոստիկանական անցակետը վարչապետ Բենյամին Նեթանյահուի Երուսաղեմի նստավայրի մոտ, երբ նա պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Դրանից մեկ օր առաջ Գալանտը ազգին ուղղված հեռուստաուղերձում կոչ էր արել, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցնել դատական բարեփոխումները:
Նեթանյահուի կառավարության կողմից անցկացվող դատական բարեփոխումների դեմ բազմահազարանոց բողոքի ցույցերը Իսրայելում և նրա սահմաններից դուրս ընթանում են արդեն 12 շաբաթ շարունակ: Իսրայելական ԶԼՄ-ների գնահատմամբ` անցած կիրակի փողոց է դուրս եկել ավելի քան 600 հազար մարդ։