ՀՀ–ի և Չեխիայի ԱԳՆ–ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

ՀՀ–ի և Չեխիայի ԱԳՆ–ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Խորհրդակցություններից հետո Չեխիայի պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Այսօր Երևանում քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև, ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը խորհրդակցությունների ընթացքում անդրադարձնել է Լաչինի միջանցքի արգելափակման թեմային: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։ Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը, համաձայն որի, ի թիվս այլնի, Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»,– ասված է հաղորդագրությունում:
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և այն պահպանելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են տնտեսական համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել գործարար կապերի, ինչպես նաև մշակութային, կրթական և գիտական ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, ինչպես նաև քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորությունները։
Խորհրդակցությունների ավարտին ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Յարոսլավ Կուրֆյուրստին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ քաղաքական երկխոսությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ շարունակվող բանակցություններին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
Լաչինը բացելու որոշումը չկատարելու հարցը ներկայացվել է ԵԽ նախարարների կոմիտեին. Կիրակոսյան