ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր քննարկել են Երևանում միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ–ն։
«Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի առանձին հարցեր` ներառյալ Երևանում միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացման առաջիկա ծրագրերը»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` 2022-ի օգոստոսի 1-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել էին եվրոպական տարածաշրջանում գործող միջազգային կառույցների թեմայով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:
Կողմերը վերահաստատել էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը՝ կապված տարածաշրջանում խաղաղության պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ։