Հայաստանում նկատվում է միգրացիոն դրական դինամիկա. Արմեն Ղազարյանը ներկայացրել է իրավիճակը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Sputnik Արմենիայում
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նույնականացման քարտերի ու անձնագրերի համակարգն ամբողջությամբ փոխելու շեմին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականից արձանագրվել է դինամիկ միգրացիոն աճ և ընթացքում քաղաքացիություն է ստացել շուրջ 20.000 օտարերկրացի։ Այս մասին Sputnik Արմենիայի տաղավարում հայտնեց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
«Հայաստանի քաղաքացիություն ստացածների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի Դաշնությունից է, և նրանց 90 տոկոսը ՀՀ քաղաքացի է դարձել ազգությամբ հայ լինելու հիմքով։ Եթե համեմատենք 2021 թվականի հետ, ապա կարող եմ ասել, որ այդ թիվն 8000-ից մի փոքր ավելի էր»,– ասաց Ղազարյանը։
Խոսելով անձնագիր ստանալու, դրանց տրամադրման հետ կապված խնդիրների մասին` ՄՔԾ պետը շեշտեց, որ նույնականացման քարտերի, մասնավորապես անձնագրերի տրամադրումը երբեք չի դադարել։ Այլ բան է, որ ID-ների տրամադրման հետ կապված որոշակի խնդիրներ էին առաջացել, քանի որ ՀՀ–ում եղած կենսաբանական կրիչներ (չիպեր) ունեցող նույնականացման քարտերի ու անձնագրերի համակարգն արդեն մաշվել է տեխնիկապես և բարոյապես։
Այժմ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այդ համակարգն ամբողջությամբ փոխելու շեմին է։
«Աշխարհում այլևս չեն արտադրում այդպիսի կենսաչափական կրիչներ, քանի որ դրանք տեխնիկապես դուրս են եկել գործածությունից։ Մինչև համակարգի ամբողջական արդիականացումը, մենք որոշակի անցումային լուծումներ ներդրեցինք` հին նմուշի անձնագրեր սկսեցինք տրամադրել, իսկ նույնականացման քարտերի մասով էլ ունեցած պաշարները սպառեցինք։ Դրանք ամբողջությամբ սպառվել են»,– ընդգծեց Արմեն Ղազարյանը։
2023 թվականի փետրվարի 15-ից տրվում են առանց կենսաբանական կրիչի ID քարտեր։ Այստեղ միակ խնդիրը էլեկտրոնային ստորագրությունն է, որի համար Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը և Կենտրոնական բանկի գործընկերները որոշակի լուծում են գտել։ Դա իրականացվում է տելեկոմ օպերատորների միջոցով։ Անձը ձեռք է բերում նույնականացման քարտը, ապա մոտենում է իր տելեկոմ օպերատորին, փոխում է իր հեռախոսի քարտն ու դրա միջոցով հնարավորություն է ունենում էլեկտրոնային ստորագրությունը գործածել համապատասխան հարթակներում։
Ըստ Ղազարյանի` սա էլ է անցումային լուծում, այժմ ՄՔԾ–ի հիմնական նպատակը թվայնացումն է և էլեկտրոնային միջավայրում քաղաքացուն և օտարերկրացուն ավելի շատ ծառայություններ մատուցելը։
Նոր բիոմետրիկ անձնագրերի ստացման գործընթացի առումով էլ պատասխանատուն հստակ ժամկետներ դեռևս չնշեց, միայն հավաստիացրեց, որ աշխատանքները տեղեկատվական հարթակների համակարգման խորհրդի շրջանակներում շարունակվում են։ Մրցույթը դեռևս հայտարարված չէ։
Խոսելով ՀՀ–ում 2022 թվականին աշխատելու հիմքով տրամադրված կացության կարգավիճակի մասին` Ղազարյանը շեշտեց, որ ԵԱՏՄ շուրջ 10 հազար քաղաքացու տրամադրվել է այդ կարգավիճակը։
Նշենք, որ 2022 թվականին գրանցվել է աշխատանքային միգրանտների մեծ հոսք դեպի Հայաստան, ընդ որում նրանց մեծ մասը ՌԴ–ից են։
«Դա վկայում է այն մասին, որ իրենք հաստատվել և ապրում են Հայաստանում։ Բացի այդ, շուրջ 2,5 հազար օտարերկրացի (ոչ ԵԱՏՄ երկրներից) նույնպես կացության իրավունք է ստացել։ Նրանք Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, Վրաստանի, Ֆիլիպինների և այլ երկրների քաղաքացիներ են»,– ասաց Ղազարյանը:
Նրա խոսքով` 2022-ին ՌԴ քաղաքացու անձնագրերով սահմանների (մուտքերի և ելքերի) հատման տարբերությունը կազմել է 65 հազար մարդ։ Դա գրեթե 2,5 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։
ՄՔԾ պետը վստահեցրեց, որ Հայաստանը ձգտում է, որպեսզի մարդիկ կացություն ստանալու բոլոր ընթացակարգերն անցնեն առցանց, այդ թվում՝ անձի նույնականացումը: Նրա խոսքով՝ արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։
Մանրամասները` տեսանյութում։
2022 թ–ին սահմանահատումների առումով ՀՀ–ում 30 տարում ամենալավ ցուցանիշն է արձանագրվել