ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի մասին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այսօր` ժամը 15։54-ին։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել
© Photo : ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող մանկապարտեզի 2-րդ հարկի սենյակներից մեկում (մոտ 30 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։45-ին։ Այրվել են կենցաղային իրեր և փայտե պատուհանի 2 շրջանակ։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերին Արգամ Հովհաննիսյանը ներխուժել էր «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ աշխատում էր նրա նախկին կինը։ Նա դանակով վնասվածքներ էր հասցրել կնոջը, նրա տատիկին` մանկապարտեզի վարիչին և պատանդ վերցրել 3–ամյա աղջնակի։ Ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել տղամարդուն և տուժածներին հիվանդանոց տեղափոխել։