ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը կփակվի այսօր արհմիությունների հնչեցրած կոչի պատճառով։ Այն ուղղված է պետծառայությունների բոլոր աշխատակիցներին և կոչ է անում բողոքել դատական բարեփոխումների դեմ: Տեղեկությունը Twitter-ում հայտնել է ԱՄՆ-ում Իսրայելի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչ Էլադ Ստրոմայերը։
Նրա խոսքով՝ Իսրայելի խոշորագույն արհմիությունը՝ «Հիստադրուտը» հրահանգել է, որ բոլոր պետական ծառայողները գործադուլ անեն, կոչը, այդ թվում, վերաբերում է ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական առաքելություններին:
«Իսրայելի դեսպանատունն այսօր կփակվի մինչև հետագա ծանուցումը, հյուպատոսական ծառայությունները չեն գործի», - գրել է Ստրոմայերը:
Բենիամին Նեթանյահուի կառավարության կողմից անցկացվող դատական բարեփոխումների դեմ բազմահազարանոց բողոքի ցույցերն Իսրայելում և դրա սահմաններից դուրս անցկացվում են 12-րդ շաբաթն անընդմեջ: Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ ներկայացված օրինագիծը կսահմանափակի Գերագույն դատարանի ազդեցությունը բազային օրենքների ընդունման գործընթացի վրա, խորհրդարանականներին թույլ կտա վիճարկել տվյալ դատարանի որոշումները, կառավարությանը վերահսկողություն կտա դատավորների նշանակման ընթացակարգի նկատմամբ: