ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Սահմանահատումների միգրացիոն սալդոն 2022 թվականին +38 հազար է եղել, ինչը նշանակում է, որ անցյալ տարի 38 հազարով ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան այստեղից գնացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը` ներկայացնելով սահմանահատումների վիճակագրությունը։
Նրա խոսքով` 2022 թվականը սահմանահատումների տարբերության առումով դրականորեն տարբերվել է ամբողջ 30 տարվա ցուցանիշներից։
«Երկրորդ ցուցիչը ՀՀ քաղաքացու անձնագրերով սահմանահատումների տարբերությունն է։ Ճիշտ է` այն կազմել է բացասական` –27 հազար, բայց դա էական բարելավում է 2021 թվականի համեմատ, որովհետև 2021 թվականին այդ ցուցանիշը –73 հազար էր, այսինքն ավելի քան 2 անգամ բարելավվել է»,–նշեց նա։
Ղազարյանը նաև հայտնեց, որ 2022–ին ՀՀ եկած և մեկ տարուց ավելի բնակություն հաստատած միգրանտների թիվն ավելացել է 5900–ով, ինչը վերջին 30 տարվա ընթացքում ամենալավ ցուցանիշն է։ Հայաստան եկածների ճնշող մեծամասնությունը ՌԴ-ից է ու ազգությամբ հայ։