ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Արաբկիր» բժշկական համալիրում գործող հանրապետական մանկական էպիլեպտոլոգիական դիսպանսերում, որտեղ հսկվում են էպիլեպսիայով հիվանդ երեխաները, 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 3700 երեխա է գրանցված եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Անի Գևորգյանը։
Անի Գևորգյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Գևորգյանն ընդգծեց, որ երեխաների մոտ դիտվում են փոքր տարիքում հիվանդության անցողիկ տարատեսակներ։
«Դիսպանսերում առկա է էպիլեպսիայով հիվանդ երեխաներին անհրաժեշտ դեղորայքի մեծ մասը, որը տրվում է անվճար։ Դեղորայքի մի մասը տրվում է պետպատվերի շրջանակում, մյուս մասը դիսպանսերի գործընկերների կողմից»,- ասաց մասնագետը` նշելով, որ անհրաժեշտ հետազոտությունների մի մասը ևս կատարվում է պետպատվերի շրջանակում (թանկարժեք հետազոտությունները դեռևս ներառված չեն դրանում)։
«Կյանքի ճանապարհ» հիմնադրամի նախագահ (հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է էպիլեպսիայով և այլ ծանր նյարդաբանական հիվանդություններով տառապող երեխաների խնդիրներով) Ելենա Բաղդասարյանն էլ նշեց, որ իրենք զբաղվում են բոլոր այն խնդիրներով, որով ի վիճակի չէ զբաղվել պետությունը։
Ելենա Բաղդասարյան
© Sputnik / Andranik Ghazaryan
«Մենք երեխաներին ապահովում ենք այն պրեպարատներով, որոնք հնարավոր չէ ստանալ պետպատվերի շրջանակներում։ Մենք մեր հովանավորների օգնությամբ ձեռք ենք բերում այդ դեղորայքը և տրամադրում շահառուներին»,-ասաց նա։
Թյուր կարծիք կա, որ էպիլեպսիան միայն ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է, այնինչ կարող է առաջանալ մի շարք պատճառներով, այդ թվում` իմուն համակարգում առաջացած խնդիրներից։ Էպիլեպտիկ նոպաները կարող են տարբեր տևողություն ունենալ՝ մի քանի վայրկյան տևող աննկատ դրվագներից մինչև ավելի երկար տևող ցնցումային նոպա։ Ցնցումների պատճառով հիվանդները կարող են ստանալ բազմաթիվ վնասվածքներ, կոտրվածքներ։