ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները ահազանգում են Սիսիանի ընտրատեղամասերում խախտումների մասին: Նշենք, որ այսօր Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։
Մասնավորապես, ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հենրիկ Դանիելյանը սոցիալական ցանցերում հայտնել է, որ 34/12 ընտրատեղամասում ընտրողներին ուղղորդում են «ճիշտ» ընտրության հենց տեղամասում: Բացի այդ, նա հայտնում է նույն ընտրատեղամասի մոտ մեծ հերթերի մասին։
«Հանձնաժողովների անդամներն ունեն հստակ հրաման ընտրողների ցուցակները ստուգելու և նրանց ուղղորդելու համար։ Այս եղանակով ստուգում են, թե ով է եկել ընտրատեղամաս և ով` չէ։ Այս պատկերը բոլոր ընտրատեղամասերում է», - գրել է Դանիելյանը՝ հրապարակելով լուսանկար։
«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Հայրապետյանն էլ նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը «ժամերով կանգնել է 34/06 ընտրատեղամասի մոտ»:
«Ընտրողների կամքի վրա ազդեցություն գործելու էս մեխանիզմը մինչև 2018թ.-ը կիրառվում էր թաղի բառադիների մակարդակով, հիմա «իրավիճակ է փոխվել»,– գրել է Հայրապետյանը:
Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ընթանում են ավագանու արտահերթ ընտրություններ: Անի խոշորացված համայնքում գործում է 20 ընտրատեղամաս, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում՝ 41: Սիսիան համայնքում ընտրողների թիվը մարտի 19 - ի դրությամբ 22880 է, Անի համայնքում՝ 15918: