ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Սահմանամերձ Նորավանը փոքրիկ գյուղ է Սյունիքի մարզում, որտեղ դեռ սովետական ժամանակներից մնացած մշակույթի տան մեծ շենքում միաժամանակ տեղավորվում է գյուղապետարանը, դպրոցը` 64 աշակերտով, մանկապարտեզը` 18 երեխաներով, փոստը և գրադարանը։ Այստեղ կա նաև զորամաս, որը գյուղացիների մեծ մասին ապահովում է աշխատատեղով։
Նորավանը համեմատաբար նոր գյուղ է (հեռավորությունը ադրբեջանական դիրքերից մոտ 8 կմ է)։ Գյուղըհիմնադրվել է 1928 թվականին Սիսիանի շրջանի այլ գյուղերի բնակիչների կողմից և մշտապես բնակեցված է եղել հայերով։ Սիսիան քաղաքից հեռավորությունը 10 կմ է։ Այստեղ վերջին մարդահամարի տվյալներով ապրում է շուրջ 500 մարդ։
Գյուղում վերջին երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել։ 2021 թվականի մայիսին ադրբեջանական ներխուժումների արդյունքում այն զրկվել է 200–400 հա արոտավայրերից և խոտհարքներից, քանի որ ադրբեջանական զինված ուժերն առանց որևէ իրավական հիմքի ֆիզիկապես գտնվում են հենց այդ հողատարածքներում։ Իսկ նոյեմբերի 16-ի գործողություններից հետո ադրբեջանցի զինվորները դեպի Նորավան առաջ են եկել 2 կմ–ով։
Երկու տարվա ընթացքում հաջորդ հարվածը Նորավանի համար հակառակորդի` անցյալ տարվա սեպտեմբերյան հարձակումն էր, որի ժամանակ գյուղը եղել է մարտական գործողությունների ամենամոտ բնակավայրերից մեկը։
Սահմանամերձ բնակավայրի կյանքին տեղում ծանոթացել է Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Գևորգյանը` զրուցելով տեղի բնակիչների հետ։
Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է, սակայն վերոնշյալ իրադարձություններից հետո գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելը գյուղացիների համար կյանքի փորձություն է դարձել։
Ինչպես նշում է Նորավանի գրադարանի աշխատակից Էլմիրա Քարամյանը, թեպետ վախը բնակիչների մոտ մեծ է, սակայն իրենք չեն ցանկանում հեռանալ գյուղից, իրենց հողից։
«Մեր տարածքները նվեր չենք տալու իրենց։ Պետք է սպասենք, պաշտպանենք մեր հայրենիքը, մեր գյուղը։ Սեպտեմբերի 12-ի գիշերը պատերազմ էր մեր մոտ,մի կերպ լուսացրել ենք։ Երեխաներին, ծերերին, կանանց տեղափոխել ենք Երևան։ 10-15 օր համայնքում երկու–երեք կին ենք եղել։ Այդ պատերազմից շատ տուժեց մեր համայնքը, որովհետև անընդհատ կրակոցներ, հրդեհներ, գնդակոծում էին ամբողջ տարածքը։ Պատսպարվելու համար մենք նկուղներն էինք օգտագործում, այնտեղ էինք գիշերում, իսկ ցերեկը տեսնում էինք մեր աչքի առաջ ինչպես է վառվում շուրջբոլորը»,–պատմում է տիկին Էլմիրան։
Գյուղը սեպտեմբերյան գործողություներից հետո երկու զոհ է տվել, երկուսն էլ` ընտանիք ունեցող։ Փորձում են գյուղացիներով նրանց ընտանիքներին սփոփելու տարբերակներ գտնել, սակայն իրենք էլ ամեն օր վախի մեջ են` թշնամու դիտակետում են։
Ամեն առավոտ և ամեն գիշեր նորավանցիներն Իշխանասարի գագաթին նկատում են ադրբեջանցի զինվորականներին և նրանց հսկողության տակ էլ գնում են իրենց գյուղատնտեսական աշխատանքներին։
«Մարդիկ անասուններ են պահում, սակայն արոտավայրերը լրիվ հրդեհված են, իսկ մի քանի կմ ադրբեջանցիներն են, և արոտ տանելու հնարավորություն չունենք։ Իշխանասարի հովտում էլ մեր դաշտերն են։ Ճիշտ է, աշխատում ենք, անձամբ իմ ամուսինը մեխանիզատոր է, այս պահին դաշտ է գնում, վարում է, ցանում է, բայց մինչև տուն է գալիս, կես մարդ ենք դառնում»,–ասաց նա։
Նա հույս է հայտնում, որ գործող իշխանությունները կկարողանան վերջնական խաղաղ լուծման հասնել։
Իսկ գյուղապետարանի օպերատոր Օֆելյա Վարդազարյանն ընդգծում է, որ անվտանգային նման պայմաններում շատ դժվար է գյուղի առօրյա կյանքը կազմակերպել։
«Իշխանասարից ներքև Նորավանն է, թշնամու վերահսկողության տակ ենք։ Արդեն գյուղատնտեսական աշխատանքները սկսվում են, իսկ հիմնական խնդիրը գյուղացիների համար արոտավայրերն են, խոտհարքերն են, որոնք արդեն շատ ռիսկային է օգտագործելը։ Որոշ դեպքերում հնարավոր չէ օգտագործել»,–ասաց գյուղապետարանի աշխատակիցը։
Վարդազարյանը հայտնեց, որ գյուղում արտագնա աշխատանքի մեկնողներ չկան, քանի որ այնտեղի զորամասը ապահովում է նորավանցիներին աշխատատեղերով։ Սակայն գյուղի կյանքը սեպտեմբերից հետո շատ է փոխվել։
Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ գյուղում երիտասարդ տղաները և մեծահասակները ինքնապաշտպանական ջոկատներ են կազմել և ամենօրյա հսկողություն իրականցրել դաշտերում և գյուղում։ Հիմա թեպետ նույն չափով չի իրականացվում հսկողությունը, բայց մարդիկ զգոն են։
«Երիտասարդներ կան գյուղում, բայց աշխուժություն չկա։ Շատ լարված ենք, երիտասարդությունն էլ բոլորի հետ միասին այդ հոգսերով է ապրում։ Չեմ հիշում` վերջին անգամ մշակույթի տանը երբ է միջոցառում եղել։ Մեր խնդիրը մեր անվտանգություն ն է։ Ամուր լինենք, ուժեղ լինենք, որ ինքներս մեզ պաշտպանենք, հույսներս մեզ վրա դնենք, ամենօրյա մեր աշխատանքով ամենքն իր գործն անի ու լավ անի»,–ասաց նա։
Սյունիքի սահմանամերձ գյուղ բնակիչները վստահ են, որ միայն ուժեղ լինելով, ինքներս մեզ վրա հույսներս դնելով և ստեղծված իրավիճակին չհամակերպվելով է հնարավոր պայքարել վատ հարևանների դեմ։