ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», - նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
«Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել։ Ապահովվել է Գորիս – Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը», – նշել են նախարարությունում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։
Հիշեցնենք, որ այսօր ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց երկու ուղղություններով ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների վերաբերյալ։
Մի դեպքում առավոտյան 10:10-ի սահմաններում հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ էին արձակվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարող գյուղացիների ուղղությամբ։
Նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում են հայտնվել Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիները։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։