ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ուկրանիայի ԱԳՆ–ն պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Բելառուսում ՌԴ-ի միջուկային զենքի տեղակայման ծրագրերի պատճառով։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են, չխախտելով միջազգային պարտավորությունները, մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում: Պուտինը բացատրել է, որ Ռուսաստանը Բելառուսին չի փոխանցում իր միջուկային զենքը, այլ անում է այն, ինչ անում էր ԱՄՆ-ն մեկ տասնամյակ շարունակ: Նրա խոսքով՝ Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը կավարտվի հուլիսի 1-ին:
«Պահանջում ենք անհապաղ այդ նպատակով հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Դիմում ենք «Յոթնյակի» և Եվրամիության պետություններին՝ զգուշացնել Բելառուսի իշխանություններին հեռահար հետևանքների մասին, եթե համաձայնեն իրենց տարածքում Ռուսաստանից մարտավարական միջուկային զենք ընդունել», - նշված է Ուկրաինայի ԱԳՆ կայքում տարածած հայտարարության մեջ։
Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու մտադրության մասին հայտարարությունը սադրիչ քայլ է անվանել: