Հռոմի պապը կոչ է արել շարունակել օգնել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը. Արխիվային լուսանկար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նաև կոչ է արել աղոթել ԱՄՆ Միսիսիպի նահանգի բնակիչների համար, ովքեր տուժել են հզոր տորնադոյից: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ նահանգում տարերքի զոհ է դարձել 23 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հավատացյալներին շարունակել օգնություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր փետրվարի սկզբին տուժել են Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից:
«Շարունակենք կարեկից լինել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերից տուժածներին։ Նրանց համար նախատեսված է հատուկ հանգանակություն, որն այսօր տեղի է ունենում Իտալիայի բոլոր ծխական համայնքներում», - ասել է Հռոմի պապը Վատիկանի պալատի պատուհանից հավատացյալներին ուղղված կիրակնօրյա ավանդական ուղերձում։
Նա նաև կոչ է արել աղոթել ԱՄՆ Միսիսիպի նահանգի բնակիչների համար, ովքեր տուժել են հզոր պտտահողմից (տորնադո): Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ նահանգում տարերքի զոհ է դարձել 23 մարդ։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել շուրջ 50 հազար մարդ։ Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։