ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Անկարան կաջակցի գործընթացին, եթե Ուկրաինայի հարցով չինական նախաձեռնությունները հիմք ձևավորեն բանակցությունների համար, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Արևմուտքն անտեսել է չինական ծրագիրը, որ «վստահության վարկ չտա Պեկինին», իսկ հակառուսական պատժամիջոցները վատ են հաշվարկվել և միայն մոտեցրել են միմյանց Չինաստանին ու Ռուսաստանին:
«Պարոն Սիի Մոսկվա կատարած այցի հետևանքները չեզոքացնելու համար Արևմուտքի երկրները սկսեցին բառացիորեն չնկատել այդ այցը», — ավելացրել է Քալընը:
Նա նշել է, որ, ըստ ամենայնի, Չինաստանի առաջնորդը բանակցություններ կվարի Զելենսկու հետ։
«Ես ասել եմ դա Վաշինգտոնում, եվրոպացիներին անընդհատ ասում եմ՝ ավելի լավ է տասը տարի բանակցել, քան երկու, երեք, չորս տարի արյունալի պատերազմ վարել։ Որ մարդիկ չմեռնեն: Չէ որ արդյունքում, միևնույն է, բանակցությունների սեղան կնստեք։ «Սառը պատերազմը» 45 տարի տևեց, արդյունքում, միևնույն է, կողմերը ստիպված էին բանակցություններ վարել», - ասել է Քալընը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Չինաստանի իշխանությունը փետրվարին առաջարկել է իր խաղաղ ծրագիրը։ Այն ներառում է 12 կետ, այդ թվում՝ հրադադարի կոչեր, անվտանգության ոլորտում բոլոր երկրների օրինական շահերը հարգելու, Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի կարգավորման կոչեր։ Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չինական խաղաղ ծրագրի շատ կետեր կարող են ընդունվել որպես կարգավորման հիմք, երբ Արևմուտքում և Կիևում պատրաստ լինեն դրան: