ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Այսօր ժամը 10:10-ի սահմաններում Արցախի Սոս գյուղի բնակիչներ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը ոստիկանությանը հայտնել են, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ։
Տեղությունը հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։
Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ։
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Սակայն, հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Նշենք, որ մարտի 19-ին ևս Արցախում ադրբեջանական մարտական դիրքերից կրակել էին գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Հերհեր գյուղի խաղաղ բնակչի ուղղությամբ։ Տուժածներ չկային, սակայն գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել էին։