Երկկողմ կապերի առկա ներուժը կընդլայնվի. Խաչատուրյանն ուղերձ է հղել Հունաստանի նախագահին

Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը նշել է, որ վերջին 30 տարիներին հայ–հունական հարաբերություններն ավելի են ամրապնդվել և խորացել` ներառելով փոխշահավետ համագործակցության նոր ոլորտներ և ձևաչափեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ Հայաստանն ու Հունաստանն առավել կընդլայնեն երկկողմ կապերի առկա ներուժը։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Խաչատուրյանն այդ մասին գրել է Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին Հունաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում:
«Հնագույն քաղաքակրթություն ներկայացնող հայ և հույն ժողովուրդները ավելին են, քան բարեկամներ, որոնք դարեր ի վեր արարել են կողք կողքի՝ իրենց հետքը թողնելով համաշխարհային պատմության էջերում: Մեր ժողովուրդների բարեկամությունը հիմնված է պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա, իսկ մշակութային և տնտեսական կապերը սկիզբ են առնում դեռևս վաղնջական ժամանակներից»,– ասված է ՀՀ նախագահի ուղերձում։
Խաչատուրյանը նշել է, որ վերջին երեսուն տարիներին Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններն ավելի են ամրապնդվել և խորացել` ներառելով փոխշահավետ համագործակցության նոր ոլորտներ և ձևաչափեր:
«Վստահ եմ, որ հետագայում առավել կընդլայնենք երկկողմ կապերի առկա ներուժը՝ միավորելով մեր ջանքերը տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի ուղղությամբ»,– ընդգծել է ՀՀ նախագահը:
Նա Հունաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն: