ՌԱԴԻՈ

Թուրքիայում բնակվող հայերը կքվեարկե՞ն Էրդողանի օգտին. Էստուկյանը` ընտրությունների մասին

«Ակոս» թերթի խմբագրի խոսքով` Հայաստանի հարցում թուրք ընդդիմադիր գործիչների կարծիքները չեն տարբերվում իշխանության տեսակետներից։
Sputnik
Թուրքահպատակ հայերի մեծ մասը նախագահական ընտրություններում կքվեարկի ընդդիմության օգտին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
Թուրքիայի գերագույն ընտրական խորհուրդը մարտի 21-ին նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ստացել 11 թեկնածուից։ Հանձնաժողովը քննել է դրանք և որոշել, որ այդ անձինք օրինական հիմքեր ունեն մասնակցելու մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին։ Մինչև մարտի 27-ը թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է ԿԸՀ ներկայացնի 100 հազար ընտրողների ստորագրությամբ արձանագրություններ՝ վերջնական առաջադրման համար։
«Ընտրապայքարը հիմնականում ընթանալու է երկու թեկնածուների միջև` գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Մնացած ինը թեկնածուները դեռ պետք է վերջնական առաջադրման իրավունք ձեռք բերեն, որովհետև պետք է հավաքեն 100 հազար ստորագրություն։ Այս պահին նրանք այդ քանակի դեռ կեսն են ապահովել։ Այդուհանդերձ նրանցից ոչ ոք ընտրվելու հավանականություն չունի։ Թուրքիայում բնակվող հայերի մեծամասնությունը ամենայն հավանականությամբ կքվեարկի ընդդիմության օգտին, որովհետև նրանք դժգոհ են գործող իշխանության քաղաքականությունից։ Խոսքի ազատության վերացումը, ժողովրդավարությունից հեռացումը, հետզհետե բռնատիրական կարգերի հաստատումը տեղաբնակ հայերին բնականաբար չեն կարող գոհացնել»,– ասաց Էստուկյանը։
Ըստ նրա` Էրդողանի թեկնածությանը կողմ են հիմնականում ազգայնական մահմեդական զանգվածները, քանի որ նախագահն իր քարոզարշավը կազմակերպել է կրոնական հենքի վրա, իսկ նրա խոստումները քրիստոնյա փոքրամասնությունների համար նշանակություն չունեն։
Անդրադառնալով հարցին, թե ինչ ազդեցություն կունենան Թուրքիայի համապետական ընտրությունները Հայաստանի հետ հարաբերությունների վրա, մեր զրուցակիցն ընդգծեց, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, սակայն հանդիպումները չեն կայանում հանրության աչքերի առջև`բաց պայմաններում, այլ միայն դիվանագիտական խողովակով, ուստի թուրքահպատակ հայերը մեծ ակնկալիքներ չունեն այդ գործընթացից, առավել ևս որ ընդդիմադիր գործիչների կարծիքները չեն տարբերվում իշխանության ներկայացուցիչների տեսակետներից, և նրանք բոլորն էլ գերապատվություն են տալիս Ադրբեջանին` նրան համարելով եղբայրական պետություն։
«Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 11 թեկնածուներից և ոչ ոք իր նախընտրական ծրագրում չի անդրադարձել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին»,– ընդգծեց նա։
Էստուկյանի խոսքով` Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն անշուշտ ազդեցություն է թողել ընտրական գործընթացի վրա։ Արհավիրքից տուժած շրջաններում ապրում էր 11 միլիոն մարդ, նրանցից 2,5 միլիոնը տարհանվել են, և հիմա շատ դժվար է կազմակերպել նրանց մասնակցությունը գալիք ընտրություններին, որովհետև աղետի գոտում ընտրատեղամասերը փլուզվել են, և տեղահանվածների պարագայում առաջացել են գրանցման հետ կապված խնդիրներ։
«Ակոսի» խմբագրի տեղեկացմամբ` Էրդողանի կառավարությունում աշխատող 17 նախարարները կարող են որպես պատգամավորի թեկնածու մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն դատական որոշ պրոցեսներ տակավին շարունակվում են և կապված են նրանց ապօրինի արարքների հետ, հետևաբար նրանք կձգտեն ամեն կերպ ստանալ պատգամավորական մանդատ, որպեսզի ունենան նաև անձեռնմխելիություն։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14–ին կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է ԿԸՀ առաջիկա ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար։ Նրա առաջադրման մասին հայտարարությունը հանձնաժողովին են ներկայացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու նրա հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները։ Էրդողանի հիմնական մրցակիցը լինելու է ընդդիմության կողմից առաջադրված «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
Թուրքիայի կառավարության 17 անդամներ պատգամավորի թեկնածու կդառնան․ Էրդողան