ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
Ըստ պարբերականի` այցի ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան. թիմակիցներից ոմանք վստահեցնում են, որ Քոչարյանը մեկ շաբաթ առաջ է մեկնել, ոմանք ասում են` ավելի վաղ։
«Գերմանիա մեկնելու պաշտոնական բացատրությունը բուժումն է, սակայն մերձավորները վստահեցնում են, որ լուրջ խնդիրներ չունի»,–գրում է թերթը։
Լրատվամիջոցին չի հաջողվել կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ և պաշտոնական մեկնաբանություն ստանալ։
Նշենք, որ ՀՀ 2-րդ նախագահն անցնում է «Սիլվայի գործով»։
Փետրվարի 14-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր Քոչարյանի վատառողջ լինելու պատճառով։ Այդ ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ շուրջ 5 օր անհրաժեշտ կլինի, որպեսզի նախագահը բուժում ստանա։ Մարտի 7–ին Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան` առողջական խնդիրների պատճառով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 18-ին։
Հիշեցնենք` ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։