ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին պարգևատրել է երկու երկրի առողջապահական համակարգերի սերտ համագործակցությանը նպաստելու և զարգացնելու հարցում անձնական ներդրում ունենալու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է Մուրաշկոն շնորհակալագիր հանձնում Ավանեսյանին։
Նշվում է, որ «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակում Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ Վ.Ա.Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոն:
Ճանաչողական այցի ընթացքում հայկական պատվիրակությանն է ներկայացվել կլինիկային կից գործող նորաբաց ուսուցողական կենտրոնի կարողություններն ու հագեցվածությունը: Ընդգծվել է, որ կենտրոնը հյուրընկալում է թե՛ ուսանողների, թե՛ օրդինատորների՝ գործնական պարապմունքներն անցկացնելու համար:
Համաժողովի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը։