ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցել է Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմը։ Տեղեկությունը հայտնում է թեմի ժամանակավոր կառավարիչ միտրոպոլիտ Լեոնիդը:
«2023 թվականի մարտի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցել է թեմը: Մի քանի տարի շարունակ գնում էինք դրան՝ բծախնդրորեն համաձայնեցնելով հայկական օրենսդրության և մեր եկեղեցու կանոնների ու դրույթների իրավական մանրամասները, պահանջները»,– գրել է նա տելեգրամյան ալիքում։
Միտրոպոլիտ Լեոնիդն օրեր առաջ Հայաստան էր ժամանել, Երևանում պատարագ էր մատուցել, զրուցել հոգևորականների և հավատացյալների հետ, իսկ մարտի 13-ին հանդիպել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ։
Մարտի 15-ին հայտնի դարձավ, որ ՌՈւԵ–ի հայաստանյան թեմը ՀՀ արդարադատության նախարարություն փաստաթղթեր է ներկայացրել պետական գրանցում ստանալու համար։
Ավելի վաղ Գարեգին Բ–ն ողջունել էր Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչության բացումը` փաստելով, որ ցավոք, հարցը ձգձգվում է։ Միտրոպոլիտ Լեոնիդն իր հերթին Հայաստան այցելելուց հետո իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ վերջապես երկար ժամանակ անց հաջողվել է ընդհանուր հայտարարի բերել թեմի կանոնադրությունը` հաշվի առնելով ՀՀ–ի Սահմանադրությունը։