Ադրբեջանական ԶՈւ–ի առաջխաղացումից հետո խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքում

Խաղաղապահ. արխիվային լուսանկար
Խաղաղապահ. արխիվային լուսանկար
Խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ՌԴ խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքում և վերահսկում են այն: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք»,– ասված է հաղորդագրությունում:
Դրան զուգահեռ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և անհրաժեշտության դեպքում ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը:
Հիշեցնենք` Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Ավելի ուշ հրապարակվեց ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագիրը, որում ասվում էր` Ադրբեջանի ԶՈւ 25-րդ ստորաբաժանումը հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունքներից մեկն ու սկսել է դիրքի ինժեներական կահավորումը։ Նշվում էր նաև, որ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու և կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար։