Որքա՞ն ժամանակ է պետք Գյումրի–Կարս երկաթգծի հայկական հատվածը վերականգնելու համար

Երկաթգիծ
90-ականների սկզբին, երբ երկաթգիծն աշխատում էր, թուրքական գնացքները կարող էին հասնել միայն «Ախուրյան-2» կայարան, որտեղ ավարտվում էր եվրոպական հատվածը. երկրի խորքեր կարող էր անցնել միայն տեղական շարժակազմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik, Դավիթ Գալստյան. Գյումրի–Կարս երկաթգծի հայկական հատվածում գնացքների երթևեկությունը վերականգնելու համար շուրջ 10 օր կպահանջվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ախուրյան-2» կայարանի նախկին աշխատակից Գառնիկ Մելքոնյանը։
Գառնիկ Մելքոնյան
Մելքոնյանը 1990 թվականից մինչև սահմանների փակումը` 1993 թվականը, աշխատել է Գյումրիից քիչ հեռու գտնվող կայարանում։ Սկզբում սլաքավար է եղել, հետո աստիճանաբար հասել է կայարանի հերթապահի պաշտոնին։
Հիշում է, որ գնացքները սահմանով ակտիվ երթևեկում էին նաև ԽՍՀՄ–ի փլուզումից հետո ընդհուպ մինչև սահմանի փակումը, օրինակ` ուղևորատարները` շաբաթական երկու անգամ։
«Մարդիկ առևտրի էին գնում Թուրքիա, հո տեսարժան վայրերը նայելու չէի՞ն գնում։ Սոված երկիր էր մերը», – ասաց Մելքոնյանը։
Անկախության ժամանակաշրջանում բեռների հիմնական մասը Թուրքիայից տարանցմամբ գնում էր Ռուսաստան։ Հիմնականում հագուստ էր` սպորտային, կաշվե։
Թուրքիայից Հայաստան գերազանցապես մթերք էր գալիս, իսկ Հայաստանից Կարսի ուղղությամբ մակուլատուրա, կաշի, ցեմենտ էին ուղարկում։
Երկաթգիծը գրեթե անխափան էր աշխատում։ Ձմռանը երբեմն ճանապարհը ձնով էր պատվում, այդ ժամանակ նախազգուշացնում էին, որ մի քանի օր գնացքներ չեն լինի։ Իսկ բեռնատար գնացքները ժամանակացույցով` առնվազն երկու օրը մեկ գնում էին։
Հայաստանն ու Թուրքիան տարբեր երկաթուղագծեր ունեին։ Եթե առաջին դեպքում խորհրդայինն էր գործում (18 սմ–ով ավելի լայն), ապա երկրորդ դեպքում` եվրոպականը։ Այդ պատճառով «Ախուրյան-2»–ը փոխաբեռնման կետ էր ծառայում։
«Ախուրյան-2» կայարանի մոտ սլաքային փոխադրիչ, որը կառավարվում է ձեռքով
«Մեր կայարանում «տուրեցկի» ու «սովետսկի» պարկ կար։ Մեր սովետսկին կանգնում էր պլատֆորմի մի կողմում, տուրեցկին` մյուս։ Կաշկեքով թուրքական վագոնից բեռնաթափում էին», – հիշում է Մելքոնյանը։
Ուղևորություններ Թուրքիա՝ ոչ արևայրուքի համար. հայ «առևտրականի» հուշերը
Թուրքական ջերմաքարշը սահմանը հատելուց հետո անմիջապես առանձնացնում էին և հատուկ ավտոտնակ տեղափոխում։ Իսկ վագոնները թուրքական սահմանից «Ախուրյան-2» կայարան արդեն տեղի ջերմաքարշով էին տեղափոխում։ Խորհրդային հատված բեռները տեղափոխելուց հետո թուրքական դատարկ վագոնները հետ էին ուղարկում։
Հենց «Ախուրյան-2» կայարանում էլ ավարտվում էր թուրքական հատվածը, դա հատուկ էր արվել անվտանգության նկատառումներից ելնելով։ Եթե պատերազմի դեպքում հակառակորդը ներխուժեր, չէր կարողանա երկաթգիծն օգտագործել ուժերը խորհրդային սահմանի խորքեր տեղափոխելու համար։
«Ախուրյան-2» կայարանի վարչական շենքը
Սահմանը փակելուց առաջ կայարան ամբարձիչներ բերեցին գործընթացն ավտոմատացնելու համար։ Սակայն մինչ այդ սահմանն արդեն փակել էին։
Թե Գյումրի–Կարս ճանապարհով վերջին անգամ ինչ բեռ է անցել, Մելքոնյանը չի հիշում, բայց չի մոռանում, թե Սպիտակի երկրաշարժից հետո Թուրքիայից ինչ էին ուղարկել։
«Երկրաշարժից հետո վագոնի մեջ թուրքերը երկու հատ սատկած շուն էին դրել, ուղարկել ու իրանց լեզվով գրել էին. «Շնորհավորում ենք»։ Մեր թարգմանիչը կարդաց, թարգմանեց։ Տեղ կայարանում երկու հատ սատկած էլ մենք ունեինք։ Դրեցինք իրանց դատարկ վագոնները, դուռը փակեցինք և ուղարկեցինք Թուրքիա։ Էդ երկու հատը նորից նվեր ուղարկեցինք իրանց», – պատմեց Մելքոնյանը։
Սահմանի փակումից հետո աշխատողները դեռ 7-8 տարի աշխատել են` գործող վիճակում պահելով ենթակառուցվածքները։ Իշխանությունները հույս ունեին, որ սահմանը կվերաբացվի։
«Ախուրյան-2» կայարանի դիմացի հարթակը
Բայց աստիճանաբար աշխատակիցների թիվը կրճատվեց։ Եթե մինչև սահմանի փակումը 120 մարդ էր աշխատում կայարանում, ապա վերջում մնացել էին պետն ու 4 աշխատակից։
Մելքոնյանի խոսքով` շարժակազմի գործարկումն այս պահին անհնար է։
«Մենք էստեղ գիծ չունենք համարյա։ Շպալները 95 տոկոս փտած են մինչև թուրքի տամոժնին», – ասաց Մելքոնյանը։
Թուրքիա տանող երկաթգիծը
Նրա խոսքով` շատ բան պետք է փոխվի` չհաշված ռելսերն ու փայտակոճերը, որպեսզի գնացքներ ընդունելը հնարավոր լինի։
2009 թվականին «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ վերանորոգեցին ջերմաքարշի տնակն ու մի գիծը։ Նախատեսում էին էլեկտրիֆիկացնել տարածքը ջերմաքարշերը էլեկտրաքարշերով փոխարինելու համար։ Սյուները տեղադրեցին, բայց լարերն այդպես էլ չքաշեցին։ Այլ աշխատանքներ էլ էին նախատեսում, բայց գործընթացը կանգնեց։
Նորացված երկաթգիծը
Նույնն է մնացել նաև վարչական շենքը, որտեղ ղեկավարությունն էր նստում։ Այսօր այնտեղ ընդամենը երկու մարդ է աշխատում գույքին հետևելու համար։
Միևնույն ժամանակ գնացքների ընդունման/ուղարկման նվազագույն պայմանները ապահովելու համար 7-10 օրը բավարար կլինի։ Այսօրվա զարգացած տեխնիկայի պայմաններում մի քանի բրիգադ այդքան օրում կարող է կատարել այդ աշխատանքները։
Մելքոնյանն ինքը դեմ չէ, որ ճանապարհները բացվեն, բայց կարծում է, որ Անկարայի կողմից որևէ նախապայման չպետք է լինի։
«Եթե իմանանք, որ սահմանը բացվելու հույսեր կան, ու դա անվտանգ կեղնի, ես մենակ ուրախ կեղնիմ։ Իսկ եթե պիտի նախապայմաններով բացեն, ջհանդամին բացեն, մեզի ըդիկ պետք չէ», – ասում է նա։
Գառնիկ Մելքոնյան
Նշենք, որ Ախուրիկ և Ղարիբջանյան գյուղերի միջև գտնվող «Ախուրյան-2» կայարանից բացի, կա նաև «Ախուրյան-1» կայարան, որը անմիջապես սահմանին է։
«Ագռավի բույնը» Թուրքիայի հետ սահմանին. ինչ տեսք ունի Մարգարայի նախկին մաքսատունը