ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր էլ կշարունակեն «Սուրմալու» առևտրի կենտրոնում ստուգումները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։
«Քանի որ տաղավարները շատ են, երեկ չեն հասցրել ստուգումներն ավարտել։ Այս պահին մեր մասնագետները կրկին առևտրի կենտրոնում են, և ստուգումները շարունակվում են»,–ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` ստուգումներից հետո մասնագիտական վարչությունն իր գնահատականը կտա, որից հետո որոշում կկայացվի` առևտրի կենտրոնը կբացվի՞, թե ոչ։
Հիշեցնենք, որ երեկ առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում և պահանջում, որ առևտրի կենտրոնը բացվի։ Նրանք պնդում էին, որ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը չգիտես ինչու կրկին ստուգումներ չի անում։ Սակայն հենց երեկ տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել էին առևտրի կենտրոն և կրկին ստուգումներ սկսել։
Ավելի վաղ Ելենա Զոհրաբյանը հայտնել էր` «Սուրմալուում» հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 51 խախտում է հայտնաբերվել, ինչի համար էլ առևտրի կենտրոնը փակելու որոշում էր կայացվել։