ՌԴ-ում և Ուկրաինայում ապրող հայերին մարտերից հեռու պահելու մեխանիզմ չկա. Միրզոյան

Արխիվային լուսանկար
Արարատ Միրզոյանը հայտնեց, որ 2022-ի փետրվարից հետո ՀՀ ԱԳ–ն հսկայական աշխատանք է կատարել` ՀՀ քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանը մեխանիզմներ չունի ՌԴ և Ուկրաինայի քաղաքացի հայազգի անձանց ռազմական գործողություններից հեռու պահելու համար։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին, թե կա մեխանի՞զմ, որով նվազագույնի կհասնի մեր հայրենակիցներին սպառնացող վտանգը։
«Ցավոք, մեխանիզմներ ՌԴ և Ուկրաինայի քաղաքացի հայազգի անձանց հեռու պահելու համար այդ գործողություններից, գոյություն չունի։ Այդ անձինք տվյալ երկրների քաղաքացի են` այդ երկրի քաղաքացուն բնորոշ իրավունքներով և պարտականություններով»,–ասաց Միրզոյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ 2022-ի փետրվարից հետո ՀՀ ԱԳ–ն հսկայական աշխատանք է կատարել` ՀՀ քաղաքացիներին հակամարտության գոտուց տարհանելու և ուղիղ կամ միջնորդավորված կերպով հայրենիք հասցնելու հարցում։
Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։