Փոխվարչապետները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրենց գրասենյակների կատարած աշխատանքը

Նիկոլ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը
Փոխվարչապետների հետ զրույցում Փաշինյանը նշել է ռազմավարությունների մշակման ստանդարտների կարևորությունը, խոսել շինարարական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի գրասենյակների՝ 2022թ. գործունեության հաշվետվությունները: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Գրիգորյանն ասել է, որ ՀՀ-ԱՄՆ զարգացման գործընկերության շրջանակում 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհն ուղղվել է ՀՀ–ում ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական կայունության ապահովմանը:ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում կատարվել է 42 միջոցառում, ընթացքի մեջ է 29-ը:
ԵԱՏՄ շրջանակում ընդունվել են առանցքային նշանակություն ունեցող մի շարք որոշումներ, մասնավորապես 435 ապրանքատեսակի համար սահմանվել է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ։
Քանի՞ խախտում է արձանագրվել 1 տարում. Փաշինյանին հաշվետվություն են ներկայացրել
Անդրադարձ է եղել նաև ռազմավարական համակարգման աշխատանքներին, որոնց շրջանակում 2022թ. հաստատվել է 5 ռազմավարություն, 15-ը շրջանառվում է, 9-ը գտնվում է մշակման փուլում:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ 2022թ. հաստատվել է 363 ծրագիր՝ մոտ 75 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կազմել է մոտ 40 մլրդ ՀՀ դրամ:
Ներկայացվել է կառավարության՝ կրթության ոլորտում առաջնահերթություն հանդիսացող 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի ընթացքը: Նշվել է, որ 2022թ. վերջի դրությամբ՝ ավարտվել է 24 դպրոցի և 46 նախադպրոցական հաստատության կառուցումը: Ներկայում ընթացքի մեջ են 47 դպրոցի և 102 նախակրթարանի կառուցման/նորոգման աշխատանքները, զուգահեռ շարունակվում են տեղորոշման և նախագծման աշխատանքները: Մինչև 2026թ. նախատեսվում է մարզերում կառուցել 150 կրթահամալիր, որոնք կունենան նաև նախակրթարան:
Վարչապետն իր հերթին կարևորել է փոխվարչապետների գրասենյակների կողմից բարեփոխումների հետևողական կյանքի կոչումը։ Փաշինյանը նշել է նաև ռազմավարությունների մշակման ստանդարտների կարևորությունը, խոսել շինարարական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին:
Գործի որակն ու տեմպը պետք է փոխել. Փաշինյանն արձանագրեց` կապիտալ ծախսերը թերակատարվել են