ԼՂ–ն իր ամբողջ պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի կամ Կոսովոյի սերբերի հետ․ Մարուքյան

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը նշել է, որ միջազգային հանրությունը ԼՂ հիմնախնդրի համար լուծումներ փնտրելիս պետք է հաշվի առնի ամբողջ պատմական և իրավաքաղաքական հենքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ իր ամբողջ պատմության ընթացքում միշտ ինքնավար կարգավիճակ է ունեցել, իսկ վերջին 30 տարիներին ինքնահռչակ անկախ պետություն։ Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ավելին` ղարաբաղյան հակամարտությունը նախորդել է ԽՍՀՄ փլուզմանը՝ ի տարբերություն թվարկվածների»,– նշել է նա։
Հետևաբար, ըստ Մարուքյանի, միջազգային հանրությունը ԼՂ հիմնախնդրի համար լուծումներ փնտրելիս պետք է հաշվի առնի ամբողջ պատմական և իրավաքաղաքական հենքը։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, ցանկացած լուծում, որը հիմնված կլինի անտեղի օրինակների վրա, խնդրի ավելի խորացման և չլուծման կհանգեցնի։
Հիշեցնենք` մարտի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ սատարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշմանը, որ ԼՂ բնակիչների անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծվեն ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև: Միևնույն ժամանակ նա հիշեց Դոնբասի և «Մինսկի համաձայնագրերի» մասին:
Նրա խոսքով` նույն պատմությունն էր նաև «Մինսկի համաձայնագրերում», այն մասին, թե ինչ իրավունքներ պետք է ունենան Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչները.«Օրինակ` մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այդ լեզվով կրթություն ապահովելու իրավունք, այդ լեզուն օգտագործելով ապրելու, աշխատելու, սեփական մշակույթը և կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորություն ունենալու իրավունք։ Միայն թե Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր»։