ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», - նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
«Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել։ Ապահովվել է Գորիս – Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը», – նշել են նախարարությունում։
Խաղաղապահները Ստեփանակերտում մարդասիրական ակցիա են իրականացրել և անապահով ու բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ են տրամադրել:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։